ԿԿՏՀ-ում կրթահամալիրի, հեղինակային կրթական ծրագրի գրանցումը

2023թ. նոյեմբերի 10, ժամը 12.00։

Աշխատանքային հանդիպում ՀՀ ԿԳՄՍՆ-ում։

Կրթահամալիրը ներկայացնում է խնդիրը, առաջարկը։

Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում կրթահամալիրի, հեղինակային կրթական ծրագրի գրանցումը 

ՀՀ կառավարության կողմից նպատակային ստեղծված կրթահամալիր փորձարարական-հետազոտական միավորումը՝ իրականացվող բոլոր կրթական ծրագրերով, իր մասնաճյուղերով, հաստիքացուցակներով, «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով սահմանված այլընտրանքային՝ հեղինակային կրթական ծրագրերը՝ իրենց բովանդակությամբ, կազմակերպմամբ, գրանցվող ցուցանիշներով, ուսումնական խմբերով, ուսումնական աշխատանքի գնահատմամբ, հնարավոր չէ ամբողջական, ճշգրիտ ներկայացնել Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) ստեղծած կրթության կառավարման տեղեկատվական համակարգում (ԿՏԿՀ)։   

  1. Դպրոցների կառավարման համակարգում՝ կրթահամալիրի կազմում գործող վեց հանրակրթական հաստատությունները, մասնագիտական կրթության կառավարման համակարգում՝ կրթահամալիրի քոլեջը իրականում առանձին կազմակերպություններ չեն։ Պետական ոչ առևտրային կազմակերպությունը տարբեր կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների միավորում կրթահամալիրն է, որը ցանցում արտացոլված չէ։  
  1. Կրթահամալիրի ուսումնական հաստատությունները որոշված են կրթահամալիրի կանոնադրությամբ։ Կրթահամալիրում հեղինակային կրթական ծրագրով ստեղծվել և գործում է չորս դպրոց-պարտեզ. այսպիսի հաստատությունը ԴԿ համակարգում չկա։ Իրենց կառուցվածքով տարբերվում են նաև մյուս ուսումնական հաստատությունները։  

Կրթահամալիրի ուսումնական հաստատությունները  

  • Արևելյան, Արևմտյան, Հյուսիսային, Հարավային դպրոց-պարտեզներ՝ 2-5 տարեկանների խմբեր, 1-5-րդ դասարաններ, երկարացված օրվա խմբեր, լրացուցիչ կրթության խմբեր (խմբակներ)։ 
  • Միջին դպրոց՝  6-8-րդ դասարաններ, երկարացված օրվա խմբեր, լրացուցիչ կրթության խմբեր, նախասիրությունների զարգացման ակումբներ (խմբակներ)։  
  • Ավագ դպրոց՝ 9-րդ դասարաններ, 10-12-րդ դասարաններ, նախասիրությունների զարգացման ակումբներ, լրացուցիչ կրթության խմբեր (խմբակներ)։  
  • Քոլեջ՝  նախնական (արհեստագործական) մասնագիտական, միջին մասնագիտական ծրագրերի խմբեր,  2-5 տարեկանների խմբեր, 4-9-րդ դասարանցիների տեխնոլոգիայի դասընթացների, 4-12-րդ դասարանցիների ընտրությամբ արհեստների ուսուցում, լրացուցիչ կրթության խմբեր (խմբակներ)։  

Հիմնադիր ՀՀ կառավարության կողմից կրթահամալիրին ամրացված, սահմանված կարգով պետական գրանցում ստացած շենք-շինություններից օգտվում են կրթահամալիրի դպրոց-պարտեզների, միջին, ավագ դպրոցների, քոլեջի սովորողները՝ բոլորը։ Սովորողների ընտրությամբ և լրացուցիչ կրթության դասընթացները, խմբակները (ակումբները) կազմակերպվում են կրթահամալիրի ուսումնական կենտրոններում, լաբորատորիաներում, արվեստանոցներում, արհեստանոցներում, այդ թվում՝ նաև ուսումնաարտադրական, որոնք կրթահամալիրի տարբեր մասնաշենքերում են։ Ստացվում է, որ ուսումնական հաստատություններից յուրաքանչյուրի սովորողները կրթահամալիրի՝ ոչ միայն իրենց տրամադրված մասնաշենքում են անցկացնում ուսումնական պարապմունքներ, իրականացնում ուսումնական գործունեություն, այլ նաև բոլոր մյուսներում, քանի որ կրթահամալիրի արվեստանոց-արհեստանոց-լաբորատորիաները, ուսումնական կենտրոնները տարբեր մասնաշենքերում են, սպասարկում են բոլորին։ Ստացվում է, որ դպրոցներից յուրաքանչյուրը ԴԿՏՀ-ում իր մասնաշենքից բացի պիտի գրանցի կրթահամալիրի մյուս կրթական օբյեկտները (հավելված 1), այդ թվում՝ Հյուսիսային և Արևմտյան դպրոց-պարտեզները, Մայր դպրոցը, Կենտրոնը, Քոլեջը, Ուսումնական ագարակը, Արատեսի դպրոց բնության գրկում ուսումնական կենտրոնը։  

  1. Կրթահամալիրի աշխատողների գործատուն կրթահամալիրն է, նրանց հետ աշխատանքային պայմանագիր կնքում է կրթահամալիրի տնօրենը։ Մասնաճյուղ ուսումնական հաստատությունում աշխատում են կրթահամալիրի աշխատողները։ Ուսումնական տարվա համար մանկավարժական աշխատողը կարող է ուսումնական ծանրաբեռնվածություն ունենալ կրթահամալիրի մեկ կամ մի քանի մասնաճյուղում։ Ուսումնական տարվա 2-րդ և 4-րդ ճամբարային շրջաններում, հուլիս-օգոստոսին մանկավարժական աշխատողի ուսումնական ծարաբեռնվածությունը, անհատական պլանը այլ գրանցում ունեն։ 

Կրթահամալիրի մանկավարժական աշխատողի ընտրությունը, նրա մասնագիտական զարգացումը կատարվում է՝ նկատի ունենալով, որ նա կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագրի ստեղծողն է՝ մշակողը, կազմակերպողը, տարածողը,  

  • հեղինակային կրթական ծրագրի ուսումնական օրացույցով որոշված նախագծերի, ուսումնական ճամբարների, ստեղծագործական հավաքների հեղինակ-կազմակերպիչ,  
  • հեղինակային կրթական ծրագրերի ուսումնական պլաններով որոշված՝ սովորողների ընտրությամբ գործունեություն, ակումբ, դասընթաց ծրագրող-վարողներ, որոնց համար մանկավարժական բուհերը մասնագետներ չեն պատրաստում.  
  • 6-րդ դասարանից սկսած՝ սովորողների ընտրությամբ մարզական ակումբների ղեկավարներ, այդ թվում՝ նետաձգության, սուսերամարտի, ձիավարության, հրաձգության, հեծանվավարության մարզիչներ՝ մարզական ֆեդերացիաների երաշխավորությամբ.  
  • կրթահամալիրում իրականացվող միջին մասնագիտական և նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով դասախոս, ուսվարպետ.  
  • նախագծերի ղեկավար։ 
  1. ԴԿՏՀ-ում հնարավոր չէ ճշգրիտ ներկայացնել հեղինակային հանրակրթական ծրագրերի բոլոր ցուցանիշները։ Համակարգում գրանցման պահանջները տարիներ շարունակ խնդիրներ են առաջացնում, որոնք պարբերաբար փորձում ենք ինչ-որ կերպ լուծել ԿՏԱԿ-ի գործընկերների հետ փոխհամաձայնությամբ ու համագործակցությամբ, ստիպված ենք լինում հարմարեցնել, դրանից ցուցանիշները ճշգրիտ չեն արտացոլում իրականությունը, տարընթերցում են առաջացնում։ Կրթահամալիրը նախարարություն, ԿՏԱԿ ներկայացրել է հեղինակային ծրագրի առանձնահատկությունները (հավելված 2)։  

Առաջարկ։ Խնդրի լուծումը Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում ենթահամակարգ ստեղծելն է ՀՀ օրենքով որոշված՝ հանրակրթության նպատակների և պետական քաղաքականության սկզբունքների լիարժեք ապահովման համար (իրավական հիմնավորումները՝ հավելված 3)։ Դրա պատվերը կրթության պետական կառավարման լիազորված մարմնի իրավասություն է։ Համակարգը պետք է ներկայացնի երկու տարբեր կրթական հանրակրթական ծրագրերի՝ պետական և պետական այլընտրանքային (հեղինակային), տարբերությունները, կրթական ծրագրերի կազմակերպման ձևերի բազմազանությունը, այդ թվում՝ նաև սովորողների ընդունելություն, կրթության առանձնահատուկ պայմաններով սովորողների ուսուցման կազմակերպման, հեռավար ուսուցման, սովորողների կողմից կրթական ծրագրերի յուրացման ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման անցկացման, այլ։   Կրթահամալիրը պատրաստ է աշխատելու ԿՏԱԿ-ի մասնագետների հետ։  

Հեղինակային կրթական ծրագրի առանձնահատկություններ 

Հավելված 2

  1. Հանրակրթական ծրագրերը  
  • 2-5 տարեկանների   
  • 5 տարեկանների ուսուցման  
  • 1-3-րդ դասարաններ  
  • 4-5-րդ դասարաններ  
  • 6-8-րդ դասարաններ  
  • 9-րդ դասարան  
  • 10-11-րդ դասարաններ  
  • 12-րդ դասարան  

Սահմանված կարգով՝ 5 տարեկանների ուսուցման ծրագրի սովորողը 6 տարեկանում շարունակում է ուսումնառության երկրորդ տարվա ծրագրով կամ սկսում է ուսումնառությունը 6 տարեկանների ծրագրով։   

  1. Հեղինակային կրթական ծրագրերի ուսումնական պլաններ  
  1. Ուսումնական տարին կազմված է 4 շրջանից։ 2-րդ և 4-րդ շրջանները նախագծային ուսուցման, ճամբարային կազմակերպման շրջաններ են։  
    Հուլիս-օգոստոսին կազմակերպվում են ուսումնական պլաններով որոշված արշավախմբային, ռազմամարզական ճամբարներ, հայրենագիտական, փառատոնային, ուսումնական այլ նախագծերով ճամբարներ, ստեղծագործական հավաքներ։ 
  1. Ուսումնական պլանների հիման վրա կազմվում են սովորողների անհատական ուսումնական պլանները։ 
  • Սովորողները ընտրում են նախասիրությունների զարգացման դասընթացներ`   
  • 1-3-րդ դասարանում՝ «Երաժշտական գործունեություն», «Կերպարվեստ», «Մարմնամարզություն», «Մաթեմատիկա բանավոր,  
  • 4-5-րդ դասարանում՝ մաթեմատիկոսի, հայրենագետի, մարզիկի, բուսաբան-կենդանաբանի, պարտիզպանի, այգեգործի, դիզայների, քանդակագործի, թատերական գործունեություն, բնագիտական-տեխնիկական ստեղծագործություն, կինո-ֆոտոգործ, երաժշտություն (սոլֆեջիո, երաժշտական կոմպոզիցիա,  
  • 6-9-րդ դասարանում՝ առարկայական նախագծեր` քերականության, մաթեմատիկական, բնագիտական (ֆիզիկոսի, քիմիկոսի, կենսաբանի, աստղագետի), ինժեներական-տեխնիկական, կինո-ֆոտոյի, օտար լեզվի (գերմաներեն, վրացերեն, պարսկերեն, թուրքերեն, ֆրանսերեն, անգլերեն, ռուսերեն, հունարեն, իսպաներեն, իտալերեն)-թարգմանչության, կենդանիների և բույսերի խնամքի, վայրի բույսերի հավաքման-մշակման, կերպարվեստի-դիզայնի-մոդելավորման-քանդակի, ոսկերչի, պատմաբան-հնագետ-ազգագրագետի, երգչախմբային, մարզական, արհեստավորի (այդ թվում՝ նաև բրուտի, պարտիզպանի, այգեգործի, խոհարարության, կարուձևի, գորգագործության-ասեղնագործության) գործունեություն,  
  • 10-12-րդ դասարանում՝ անգլերեն, գերմաներեն, թուրքերեն, իսպաներեն, ռուսերեն, վրացերեն, ֆրանսերեն, պարսկերեն, հայոց լեզվի քերականություն, աշխարհագրություն, կենսաբանություն, ընդհանուր պատմություն, հայոց պատմություն, քիմիա, ֆիզիկա, գծանկար, գունանկար, կոմպոզիցիա, գծագրություն-նախագծում, քանդակ, դերասանի վարպետություն-բեմական խոսք, համակարգչային գրաֆիկական ծրագրեր, մուլտիպլիկացիա, մոնտաժ, լուսանկարչություն, օպերատորական գործ, ռեժիսուրա և բեմական գործ, սոլֆեջիո, կերպարվեստ և դիզայն, խեցեգործություն, ոսկերչություն, կար և մոդելավորում, գործվածք-գորգ-կարպետագործություն, հասարակական սնունդ, համակարգիչների շահագործում, վարսավիրություն և դիմահարդարում, հրատարակչական գործ, պարտեզապուրակային գործ, այգեգործություն, ատաղձագործություն, երկրագործություն։  
  • 6-12-րդ դասարաններում ֆիզկուլտուրան սովորողների ընտրությամբ մարզական ակումբ է՝ նետաձգության, սուսերամարտի, մարմնամարզության, ֆուտբոլի, բասկետբոլի, վոլեյբոլի, ձեռքի գնդակի, սեղանի թենիսի, հեծանվավարության, հնգամարտի, եռամարտի։   
  • 6-9-րդ դասարանում ընտրում են երկրորդ օտար լեզուն՝ անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն, իսպաներեն, գերմաներեն, վրացերեն, թուրքերեն, պարսկերեն։  
  • 10-12-րդ դասարանում ընտրում են օտար լեզուն (լեզուներ)՝ անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն, իսպաներեն, գերմաներեն, ռուսերեն, վրացերեն, թուրքերեն, պարսկերեն։  
  • 10-12-րդ դասարանում ընտրում են դասընթացը վարող ուսուցչին։  
  • 6-12-րդ դասարանում նախասիրությունների զարգացման ակումբի ընտրություն առաջարկվող ցանկից, նոր ակումբ ձևավորելու հնարավորություն։  

Ուսումնական պարապմունքների խմբերը (դասարանները) ձևավորվում են ըստ սովորողների անհատական պլանների։ Սովորողների ընտրությամբ գործունեության, դասընթացների խմբերը կարող են նաև տարատարիք լինել։   

  1. Ուսումնական պլանով որոշված են նաև՝   
  • համադպրոցական (ընդհանուր) պարապմունք,   
  • ինքնասպասարկման, շրջապատի, նյութական միջավայրի բարելավման, ուսումնական-հասարակական (քաղաքացիական կրթության) նախագծերը։  
  1. Ուսուցումը կազմակերպվում է ուսումնական պարապմունքների տարբեր տեսակներով, ուսումնական նախագծերով։ Սահմանված կարգով իրականացվող ուսումնական ճամփորդությունները դասընթացների, ակումբային գործունեության, ընտրությամբ գործունեության, ուսումնական նախագծի բաղկացուցիչն են:    
  1. Սովորողների կարողություններին և պահանջմունքներին համապատասխան` կրթական ծրագիրն իրականացվում է առկա, հեռավար, տնային ձևերով։  
  1. Կիրառվում են գնահատման տարբեր ձևեր  
  • 1-5-րդ դասարաններում՝ առանց գնահատանիշի, սահմանված կարգով լրացվող բնութագրով։  
  • 4-12-րդ դասարանում՝ սովորողի ուսումնական գործունեության հրապարակված արդյունքներով (ուսումնական բլոգ, ցուցադրություն, համերգ, ֆլեշմոբերի, ծեսերի-տոների, ստուգատեսների, ճամբարների, ճամփորդությունների մասնակցություն)։ 
  • 10-12-րդ դասարաններում՝ գնահատման կրեդիտային համակարգով։   
  • Դասարանից դասարան սովորողները փոխադրվում են հեղինակային կրթական ծրագրով սահմանված կարգով՝ առանց կրկնելու դասարանը։  
  •  Կրթական ծրագրերի ավարտին՝ ուսումնական գործունեության արդյունքների ներկայացում-ստուգատես։ 
  1. Ուսումնական պլանի կազմակերպում  
  • Դասացուցակ՝ անհատական ուսումնական պլանի հիման վրա։  
  • Դասարանների, ուսումնական խմբերի փոփոխություն ուսումնական օրվա մեջ։   
  • Տարատարիք սովորողների նախագծեր։  
  • Տարբեր դպրոցների սովորողներից կազմված նախագծային խումբ։   
  • Ուսումնական օրվա մեջ կրթահամալիրի տարբեր մասնաշենքերում պարապմունքներ։  
  • Արտագնա պարապմունքներ։  
  •  Ուսուցման կազմակերպում ուսումնական օրացույցով, ուսուցման թվային միջոցներով, ուսումնական բլոգներով։ 

Կրթահամալիրի կրթական օբյեկտները 

Հավելված 1

Հ. անուն հասցե Կրթական օբյեկտում գործող ուսումնական կենտրոն, արհեստանոց-արվեստանոց-լաբորատորիա 
 Կենտրոն Րաֆֆի 57 Շախմատի դպրոց Կինո-ֆոտո ստուդիա  խոհարարության լաբորատորիա հացաթխման ուսումնաարտադրական արհեստանոց  ցուցասրահ մանկավարժության կենտրոն մանկավարժության լաբորատորիա 
 Մայր դպրոց Ա. Բաբաջանյան 25 6-8-րդ դասարաններ 9-րդ դասարաններ 10-11-րդ դասարաններ 12-րդ դասարաններ Ինժեներատեխնիկական ուսումնական կենտրոն (բնագետի դպրոց) Երաժշտության, ծեսի, պարի դպրոց Մարզադպրոց՝ մարմնամարզության, խաղային մարզաձևերի, թենիսի, սուսերամարտի, մենամարտական մարզաձևերի սրահներ, հրաձգարան, նետաձգարան, ֆուտբոլի, մարզադաշտեր, ռազմամարզական գոտի «Տիգրան Հայրապետյան» գրադարան Ատաղձագործական արհեստանոցներ Խեցեգործության արհեստանոց Համերգասրահ, Մարմարյա սրահ, գրական թատրոնի դահլիճ, պարասրահներ 
 Արևելյան դպրոց-պարտեզ Ա. Բաբաջանյան 47/1 2-4 տարեկանների տարատարիք խմբեր 5 տարեկանների խմբեր  1-3-րդ դասարաններ  4-5-րդ դասարաններ 
 Արևմտյան դպրոց-պարտեզ Ա. Բաբաջանյան 38/1 2-4 տարեկանների տարատարիք խմբեր 5 տարեկանների խմբեր  1-3-րդ դասարաններ  4-5-րդ դասարաններ  Ծածկած լողավազան,  
 Հյուսիսային դպրոց-պարտեզ Րաֆֆի 69/1 2-4 տարեկանների տարատարիք խմբեր 5 տարեկանների խմբեր  1-3-րդ դասարաններ  4-5-րդ դասարաններ  Քանդակի դպրոց Գծանկարի, գունանկարի արվեստանոցներ Դարբնոց, մետաղի և քարի գեղարվեստական մշակման արհեստանոցներ Արտասահման ցուցասրահ Կրթական փոխանակումների կացարան 
 Հարավային դպրոց-պարտեզ Իսակովի 52/6  2-4 տարեկանների տարատարիք խմբեր 5 տարեկանների խմբեր  1-3-րդ դասարաններ  4-5-րդ դասարաններ  
 Քոլեջ Անդրանիկի 92/1 նախնական մասնագիտական (արհեստագործական)  միջին մասնագիտական ծրագրերի խմբեր,   2-5 տարեկանների խմբեր, Ուսումնաարտադրական արհեստանոցներ՝ Բուսաբուծության  Գինեգործության և սպիրտի թորման Կարի և մոդելավորման  Մետաղապլաստի Արտադրական դիզայնի Կրթական փոխանակումների կացարան 
 Ուսումնական ագարակ (բնասեր-բնապահպանի դպրոց) Ա. Բաբաջանյան 38/2 Ախոռ՝ ձիեր, պոնիներ, ավանակներ Ձիավարժության ասպարեզ (մանեժ) Շներ Թռչուններ Տնկարան, խաղողի այգի Բաց խոհանոց Թոնիր 
 Արատեսի դպրական կենտրոն (բնության գրկում դպրոց) Վայոց ձորի մարզ, Եղեգիս համայնք, գյուղ Հերմոն,  Արատես Փառատոնային, նախագծային ճամբարների կացարաններ Ռազմամարզական ճամբարի կացարաններ Ուսումնական մեղվանոց Ուսումնական երկրագործության տարածքներ Արվեստանոց-արհեստանոց Ակումբ  Խոհանոցներ Թոնիր 

Իրավական հիմքեր 

Հավելված 3

ՀՀ ԿԳՆ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր փորձարարական-հետազոտական միավորումը պետական ոչ առևտրային կազմակերպություն է, որը ստեղծել է ՀՀ կառավարությունը 1989թ., վերակազմակերպել 2003թ. (N 361Ն որոշում), պետական լիազոր մարմինը՝ ՀՀ կրթության և գիտության նախարարություն։ Կրթահամալիրի կանոնադրությամբ (պետական գրանցման վկայական N03Ա059272, փոփոխությունները՝ 2017թ.) որոշված են նրա գործունեության նպատակը և առարկան։ 

Հիմնավորումներ իրավական ակտերից 

Կրթության մասին ՀՀ օրենք, «կրթահամալիր՝ «տարբեր կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների միավորում» (հոդված 3, կետ 8)։  

Հանրակրթության մասին ՀՀ օրենք. 

  • այլընտրանքային ծրագիր (հոդված 3, կետ 6.3) 
    այլընտրանքային ծրագիր` հանրակրթական ծրագրից ուսումնական պլանով, ուսուցման կազմակերպման ձևով և առարկայական ծրագրերով տարբերվող, հանրակրթական պետական չափորոշչի վերջնարդյունքներն ու կարողունակություններն ապահովող և օրենսդրությամբ սահմանված կարգով որպես այլընտրանքային երաշխավորված հանրակրթական ծրագիր։ 
    Այլընտրանքային կրթական ծրագրերն են՝ 
    ա. հեղինակային կրթական ծրագիր՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց հեղինակած և օրենսդրությամբ սահմանված կարգով որպես հեղինակային երաշխավորված հանրակրթական ծրագիր, 
  • Հանրակրթության բնագավառում պետությունը երաշխավորում է հետևյալ սկզբունքների ապահովումը. 
    6) ուսումնական հաստատությունների ինքնավարության և պետական վերահսկողության հավասարակշռումը. 
    7) անկախ կազմակերպական-իրավական ձևից` ուսումնական հաստատությունների և դրանցում սովորողների ու աշխատողների իրավահավասարությունը. 
    8) հանրակրթական և այլ կրթական ծրագրերի փոխհամաձայնեցվածությունը (հոդված 5, կետ 2): 
  • Մասնագիտացված հանրակրթական, արտակարգ ընդունակություններ դրսևորած երեխաների, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների և այլընտրանքային կրթական ծրագրերի իրականացման համար կրթության պետական կառավարման լիազորված մարմինը կարող է սահմանել այլ ժամկետներ (հոդված 7, կետ 9)։ 
  • Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, այլընտրանքային հանրակրթական ծրագրերին համապատասխան, կարող են ստեղծվել այլ տեսակի ուսումնական հաստատություններ, այդ թվում՝ փորձարարական-հետազոտական (հոդված 8, կետ 3): 

«Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենք

….նախադպրոցական այլընտրանքային կրթական ծրագիր՝ ուսումնական պարապմունքների, ուսուցման և դաստիարակության կազմակերպման ձևերի, միջոցների և մեթոդների բազմազանություն առաջարկող նախադպրոցական կրթական ծրագիր, որն ապահովում է նախադպրոցական պետական կրթական չափորոշչով սահմանված վերջնարդյունքները.
նախադպրոցական հեղինակային կրթական ծրագիր՝ այլընտրանքային կրթական ծրագրի տեսակ, որը միջազգային չափանիշներով ճանաչված (վկայագրված) է որպես հեղինակային կամ ստեղծված, մշակված և ներդրված է մանկավարժական որոշակի համակազմի կամ կառավարման մարմնի (մարմինների) կողմից, որն ապահովում է նախադպրոցական կրթության պետական չափորոշչով սահմանված վերջնարդյունքները. (հոդված 3.կետի 4, 5)․

Հանրակրթության պետական չափորոշիչ 

21. Մասնագիտացված հանրակրթական, արտակարգ ընդունակություններ դրսևորած երեխաների, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների և այլընտրանքային կրթական ծրագրերի իրականացման համար կրթության պետական կառավարման լիազորված մարմինը կարող է սահմանել այլ ժամկետներ: 

31. Պետական բյուջեի միջոցներից պետական հանրակրթական ուսումնական հաստատության նախաձեռնությամբ իրականացվող այլընտրանքային, փորձարարական, հեղինակային և այլ ծրագրերի իրականացումը ֆինանսավորվում և (կամ) համաֆինանսավորվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից սահմանված կարգով: 

47. Այլընտրանքային ծրագրեր իրականացնելու դեպքում կարող է գործել գնահատման այլ կարգ: 

Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրություն 

1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` կրթահամալիր) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող փորձարարական-հետազոտական, նախադպրոցական, հանրակրթական հեղինակային, նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական փորձնական, նախասիրական, լրացուցիչ (այդ թվում` արտադպրոցական) կրթական ծրագրեր իրականացնող պետական ոչ առևտրային կազմակերպություն է: 

15. Կրթահամալիրը պատասխանատու է պետական կրթական չափորոշիչներին, սովորողների տարիքային, ֆիզիոլոգիական և սոցիալ-հոգեբանական զարգացման առանձնահատկություններին, հակումներին ու ընդունակություններին, նրանց կյանքի անվտանգության, առողջության պահպանման և մանկավարժական պահանջներին համապատասխան հեղինակային (պետական այլընտրանքային) ծրագրերի իրագործման, ուսուցման մեթոդների և ձևերի մշակման ու ընտրության համար: 

16. Կրթահամալիրը նախադպրոցական, հանրակրթական (այդ թվում` առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և արտակարգ ընդունակություններ դրսևորած երեխաների), նախամասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական, նախասիրական, լրացուցիչ (այդ թվում` արտադպրոցական) կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների (այսուհետ` մասնաճյուղ) փորձարարական-հետազոտական միավորում է: 
Մասնաճյուղը իրավաբանական անձ չէ, չունի առանձին հաշվեկշիռ և բանկային հաշիվ: Մասնաճյուղը կրթահամալիրի կողմից լիազորված է իրականացնելու կրթահամալիրի գործունեության առարկայից, նպատակներից և խնդիրներից բխող գործունեություն: 
Մասնաճյուղը ունի չկոդավորված կնիք, ձևաթուղթ և խորհրդանիշ: 
Կրթահամալիրի մասնաճյուղի գործունեությունը կարգավորվում է ՀՀ օրենսդրությամբ, կրթահամալիրի, մասնաճյուղի կանոնադրություններով: Մասնաճյուղի կանոնադրությունը կրթահամալիրի գործադիր տնօրենի ներկայացմամբ հաստատում է կրթահամալիրի խորհուրդը: Մասնաճյուղի ղեկավարին (տնօրենին) կրթահամալիրի գործադիր տնօրենի ներկայացմամբ հաստատում է կրթահամալիրի խորհուրդը: 
Կրթահամալիրի գործադիր տնօրենը մասնաճյուղի ղեկավարի հայտերի հիման վրա յուրաքանչյուր ուստարվա համար մասնաճյուղի օգտագործմանն է հանձնում անհրաժեշտ ուսումնական շինություն (տարածքներ) և այլ գույք: Մասնաճյուղի զարգացման ծրագրերը մասնաճյուղի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է կրթահամալիրի խորհուրդը: 
Կրթահամալիրի մասնաճյուղերն են՝ 
ա) Կրթահամալիրի Արևմտյան դպրոց-պարտեզ (նախկինում՝ Բ-4 թաղամասի հիմնական դպրոց-մանկապարտեզ), Արևելյան դպրոց-պարտեզ (նախկինում՝ Բ-1 թաղամասի հիմնական դպրոց-մանկապարտեզ), Հյուսիսային դպրոց-պարտեզ (նախկինում՝ գեղարվեստի խորացված ուսուցմամբ հանրակրթական դպրոց), Հարավային դպրոց-պարտեզ (նախկինում՝ Մայքլ Գանյանի անվան հանրակրթական դպրոց), տեխնոլոգիական կրթության Միջին դպրոց (նախկինում՝ Արհեստագործական դպրոց), Ավագ դպրոց (նախկինում՝ Վարժարան) հանրակրթական ուսումնական հաստատությունները. 
բ) քոլեջ (նախկինում՝ մանկավարժական ուսումնարան) միջին մասնագիտական և նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրեր իրականացնող հաստատությունը. 
գ) գեղարվեստի դպրոց, երաժշտության դպրոց, պարի ու թատրոնի դպրոց, մարզադպրոց, շախմատի դպրոց, բնագետի դպրոց, բնասեր-բնապահպանի դպրոց, բնության գրկում դպրոց լրացուցիչ կրթական ծրագրեր իրականացնող հաստատություններ՝ ուսումնական կենտրոնները: 
17. Կրթահամալիրի կազմակերպական կառուցվածքը Տնօրենի ներկայացմամբ հաստատում է կառավարման խորհուրդը: Իր կանոնադրական նպատակները և խնդիրները լուծելու համար կրթահամալիրն ստեղծում է կենտրոններ, ծառայություններ, ուսումնա-արտադրական արհեստանոցներ, լաբորատորիաներ, ակումբներ, կաբինետներ, կրթական փոխանակումների կենտրոն` իր կացարաններով, մանկավարժության կենտրոն, գրադարան, լրացուցիչ կրթության կենտրոններ, որոնց աշխատակարգերը Տնօրենի ներկայացմամբ հաստատում է կրթահամալիրի կառավարման խորհուրդը: 
20. Կրթահամալիրի նախասիրության դպրոցների հնարավորությունները լիարժեք ծառայում են նաև կրթահամալիրի հանրակրթական դպրոցների և քոլեջի ուսումնական պլանով նախատեսված առարկաներին և պարապմունքներին: 
22. Կրթահամալիրի մանկավարժական աշխատողների մեթոդական — հետազոտական, որակավորման բարձրացման գործունեությունը կազմակերպում են կրթահամալիրի առարկայական ամբիոնները` մասնագիտական խմբերը (այսուհետ` մասնախմբեր): 
25. Ուսումնադաստիարակչական աշխատանքները կազմակերպվում են կրթական ծրագրի ուսումնական պլանի, սովորողի անհատական ուսումնական պլանի, կրթահամալիրի ուսումնական օրացույցի, ուսումնական ժամանակացույցի և դասացուցակների հիման վրա: 
26. Կրթական ծրագրի ուսումնական պլանը, առարկայական ծրագրերը, ուսուցման կազմակերպման ձևերը, գնահատման համակարգը մշակվում են կրթական պետական չափորոշիչների, հենքային ուսումնական պլանների, կրթական ծրագրի չափորոշչի հիման վրա։ 
27. Կրթահամալիրի մասնաժողովի ներկայացմամբ մասնաճյուղերի ուսումնական պլանները, առարկայական ծրագրերը, ուսումնական տարում գործածվող ուսումնական ձեռնարկների և մեթոդական ուղեցույցների ցանկը հաստատում է կրթահամալիրի խորհուրդը։ 
28. Ուսուցումը կազմակերպվում է խմբով` դասարան, կուրս, սովորողների ընտրությամբ գործունեության և դասընթացի ուսուցման խումբ, սովորողների նախասիրությունների զարգացման ակումբ, ճամփորդության խումբ, ճամբարական խումբ, ջոկատ, այցելության խումբ, մասնագիտական փորձառության խումբ, և անհատական: 
29. Խմբերում սովորողների թիվը որոշվում է Կրթահամալիրի ծախսերի նախահաշվով ամրագրված ցուցանիշների համաձայն: 
30. Խմբային ուսուցումը կազմակերպվում է դասերի, ակումբային պարապմունքների, ուսումնական նախագծերի, ուսումնական-հայրենագիտական ճամփորդությունների, մասնագիտական փորձառությունների, ճամբարների, ստեղծագործական հավաքների, ստուգատեսների, համերգների, ցուցահանդեսների, ներկայացումների (ուսումնական պարապմունքներ) ձևով՝ ապահովելով ուսուցման անհատականացում, ուսուցման կազմակերպման (տեղ, ձև, ժամանակ, պայմաններ) հարմարվածությունը անհատին, ամբողջական ներառականություն։ 

Այս նյութը հրատարակվել է Uncategorized-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել մեկնաբանություն