«Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը» (այսուհետ՝ կրթահամալիր) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող փորձարարական-հետազոտական, նախադպրոցական, հանրակրթական հեղինակային, նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական փորձնական, նախասիրական, լրացուցիչ (այդ թվում` արտադպրոցական) կրթական ծրագրեր իրականացնող պետական ոչ առևտրային կազմակերպություն է:
Կրթահամալիրի հիմնադիրը ՀՀ կառավարությունն է (այսուհետ՝ կառավարություն), լիազորված պետական մարմինը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն): Կրթահամալիրի կառուցվածքը՝ կառավարության որոշումներով ամրագրված նրա կանոնադրական առարկային, նպատակներին, խնդիրներին համապատասխան, արտացոլված է կանոնադրության մեջ, հաստատում է կրթահամալիրի խորհուրդը։ Պետական այլընտրանքային՝ հեղինակային հանրակրթական ծրագիրը ներառում է 1-12-րդ դասարանների սովորողներին, արտադպրոցական կրթության սաներին, իրականացվում է կրթահամալիրի բոլոր մասնաճյուղերում՝ Արևմտյան դպրոց-պարտեզ, Արևելյան դպրոց-պարտեզ, Հյուսիսային դպրոց-պարտեզ, Հարավային դպրոց-պարտեզ, տեխնոլոգիական կրթության Միջին դպրոց, Ավագ դպրոց, սովորողների նախասիրությունների զարգացումը, նախագծային ուսուցումը, լրացուցիչ կրթությունը կազմակերպվում են կրթահամալիրի մասնաճյուղ ուսումնական կենտրոններում, արհեստանոցներում, արվեստանոցներում, լաբորատորիաներում։
Կրթահամալիրը ֆինանսավորում է հիմնադիրը: Կրթահամալիրի ֆինանսական միջոցները գոյանում են բյուջետային և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված լրացուցիչ աղբյուրներից:
Կրթահամալիրն իր գործունեության ամբողջ ընթացքում հիմնադրի կողմից սահմանված կարգով ֆինանսավորվել է իր կանոնադրությամբ որոշված առարկային ու խնդիրներին, կառուցվածքին համապատասխան։ Այդպես է նաև հանրապետությունում սովորողների թվով ֆինանսավորման շրջանում. կրթահամալիրի կանոնադրական գործունեության անընդհատությունն ապահովելու համար հիմնադիրը 2006թ-ից կրթահամալիրը ֆինանսավորում է հետևյալ կարգով.
- ՀՀ բյուջեից՝ հանրակրթության (կրթահամալիրի հանրակրթական դպրոցների պահպանության և ուսուցման ծախսեր), միջին մասնագիտական կրթության, նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության ծրագրերով.
- ՀՀ բյուջեից՝ հանրակրթական ծրագրերի իրականացման օժանդակության շրջանակում, որպես պետական աջակցություն, կրթահամալիրում իրականացվող պետական այլընտրանքային (հեղինակային) մանկավարժության ծրագրերի մշակման-լրամշակման-կազմակերպման, կրթահամալիրի մասնաճյուղ դպրոց-պարտեզներում 2-5 տարեկանների նախադպրոցական հեղինակային կրթության, կրթահամալիրի մասնաճյուղ ուսումնական կենտրոններում լրացուցիչ կրթության՝ օժտվածության զարգացման բաց համակարգի պահպանման համար։
Կրթահամալիրի բնականոն գործունեությունն ապահովելու և իր կանոնադրական խնդիրները լուծելու համար, կրթահամալիրը պետք է շարունակի ֆինասավորվել իր կառուցվածքին համապատասխան, այդ թվում՝
- կրթահամալիրի մասնաճյուղ հանրակրթական ուսումնական հաստատություններին պետական բյուջեից ֆինանսավորում հատկացվի, ինչպես պետական ուսումնական հաստատություններին, դպրոց-պարտեզների ուսումնական խմբերի թվում ներառելով նաև նախադպրոցական խմբերի ցուցանիշները.
- պետական բյուջից միջոցներ հատկացվեն կրթահամալիրի կառուցվածքի համաձայն կրթահամալիրի հաստիքացուցակով.
- դրամաշնորհով կամ այլ ձևով շարունակվի կրթահամալիրի՝ պետական բյուջեից ամենամյա ֆինանսավորումը՝
- հեղինակային կրթական ծրագրերի մշակման-լրամշակման, կազմակերպման համար.
- հեղինակային նախադպրոցական կրթության կազմակերպման համար.
- լրացուցիչ (արտադպրոցական) կրթություն իրականացնելու, օժտվածության զարգացման ծրագրերի համար։