Արատեսի դպրական կենտրոնը պատրաստ սպասում է ճամբարային նախագծերին՝ ռազմամարզական-արշավախմբային, հայրենագիտական, ծառատունկ-անտառատունկի-այգիների ստեղծման, ստեղծագործական, այլ նախագծային… Համեցեք. բնության գրկում մեր դպրոցը միաժամանակ կարող է ընդունել 60 և ավելի մարդու։
Արատեսում իրականացվող նախագծերից յուրաքանչյուրը պիտի ունենա Արատեսի պահպանության, զարգացման աշխատանքի բաղկացուցիչ՝
խնամքի (պատասխանատու՝ Տարոն Հակոբյան)՝
- տնակային, վրանային ավանների, պանդոկի, Սիրո անկյան, անցումների մաքրություն, հարդարում,
- ձմռան համար վառելափայտի հավաքում, դասավորում.
գյուղական-երկրագործական (պատասխանատու՝ Տարոն Հակոբյան)՝
- ծառատունկ-անտառատունկ, այգիների ստեղծում,
- ծառերի խնամք, բերքահավաք,
- խոտի հավաքում,
- տնակների բակերում աշխատանք,
- մեղվապահի աշխատանք.
մառանի (պատասխանատու՝ Արտակ Ռշտունի)՝
- բերքի տեսակավորում, տեղավորում,
- հյութի, չրի, այլ անուշեղենի պատրաստում,
- քացախի, օղու արտադրություն.
նյութական միջավայրի զարգացման (պատասխանատու՝ Կարինե Մացակյան)՝
- առաջարկի, նախագծի մշակում,
- նախագծի իրականացում։
Աշխատանքները որոշվում, ճամբարային նախագծում արտացոլվում են նախօրոք, արդյունքները գրանցվում են հաշվետվության մեջ։ Պատասխանատուներն առաջարկում են կամ քննարկում-հաստատում խմբի առաջարկը։
Արատեսը, որ միշտ ու տարվա բոլոր եղանակներին է գրավիչ, նաև ամեն օր ավելի հարմար է դառնում կեցության, ուսումնական աշխատանքի համար։ Մնում է, որ սեբաստացիներով կարևորենք, որ աշնանամուտի մեր Արատեսը նախաձեռնության, աշխատող ձեռքի պակաս չունենա…
Կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Բլեյան, Գևորգ Հակոբյան, Սուսան Մարկոսյան