Նախարարությունում մայիսի 12-ին ծրագրված հանդիպում էր ՀՀ ԿԳՄՍՆ փոխնախարար Ժաննա Անդրեասյանի հետ։ Մեր առաջարկած հարցերի քննարկմանը մասնակցում էին հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը, հանրակրթության և արտադպրոցական կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ Անուշ Լալազարյանը։
Կրթահամալիրից մասնակիցները՝ հիմնադիր տնօրեն տիար Բլեյանը, փոխտնօրեն Գևորգ Հակոբյանը, Ավագ դպրոցի տնօրեն Մարթա Ասատրյանը, կրթահամալիրի տնօրեն Սուսան Մարկոսյանը, կարողացան արդյունավետ ներկայացնել Բլեյանի դպրոցի, հեղինակային կրթական բաց ցանցի, հեղինակային կրթական ծրագրերի այս շրջանի գործերը, զարգացման նոր ձեռքբերումները, մեր գործընկերներին, ծրագրի զարգացման խոչընդոտները։ Ներկայացրինք Սևանի հանրային դպրոց-պարտեզում 2021-2022 ուստարվա ընդունելության, մանկավարժական աշխատողների բաց ընտրության մասին հայտարարությունները։
Տիկին Անդրեսյանը ներկայացրեց նախարարության այս փուլի կարևոր աշխատանքները, մեր մասնակցությունը դրանց։ Հատուկ շեշտեց տարածաշրջանային լեզուների, օտար լեզուների ուսուցման մեր փորձի հիման վրա, կրթահամալիրի Մարթա Ասատրյանի, Մարգարիտ Սարգսյանի մասնակցությամբ, օտար լեզուների հանրապետական ակումբի ստեղծումը, մեր փորձի կարևորությունը նախարարության կողմից մարզերի 20 համայնքում կառուցվող դպրոցների համար։
Քննարկումն ընթացավ՝ որպես լիարժեք գործընկերության հաստատում։ Նախարարությունը պատրաստակամ է աջակցելու Սևանի հանրային դպրոց-պարտեզի ստեղծման, հեղինակային կրթական ցանցի տարածման մեր ջանքերին։
Ձեռք բերվեցին պայմանավորվածություններ։
Նախարարությունը մոտակա օրերին քննարկում է պատրաստում կրթական ծրագրերի արդյունքների, սովորողների գնահատման, քննությունների մասին, որին պատրաստվելու համար կրթահամալիրը պիտի ներկայացնի իր դիրքորոշումը՝ ամբողջական փաթեթով։ Ուզում ենք հավատալ, որ պետական կրթական ծրագրերի միջև խտրականությունը կհաղթահարվի վերջապես։
Կրթահամալիրը ստանձնեց աջակցել նախարարությանը «Դպրոցը համայնքային զարգացման կենտրոն» նախագծի առաջարկի մշակման ուղղությամբ։