Բլեյանի դպրոց. պետության, հասարակության, համայնքի, անհատի շահերը համընկնում են

ՀՀ սահմանադրությամբ պետությունը ստանձնում է կրթության զարգացմանը խթանելու պարտավորությունը (հոդված 15), երեխաների դաստիարակության, կրթության, առողջության, լիարժեք ու ներդաշնակ զարգացման մասին հոգ տանելը որոշում որպես ընտանիքի (ծնողի) իրավունք և պարտավորություն (հոդված 36), երաշխավորում յուրաքանչյուրի կրթության իրավունքը, պետական հաստատություններում միջնակարգ անվճար կրթությունը (հոդված 38)։ Հետո օրենքներով սահմանում է կրթական ծրագրերը, ոլորտում պետական քաղաքականության սկզբունքները, կազմակերպական-իրավական ու ֆինանսատնտեսական հիմքերը։

Կրթության մասին ՀՀ օրենքով կրթահամալիրը տարբեր կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների միավորում է (հոդված 3, կետ 8)։ Պետական ուսումնական հաստատության իրավական վիճակի այլ առանձնահատկությունները սահմանվում են օրենքով և դրա հիմնադրի հաստատած կանոնադրությամբ (հոդված 27.4). կրթահամալիրը 1989թ. ՀՀ կառավարության կողմից ստեղծվել է որպես փորձարարական-հետազոտական միավորում. սա ամրագրված է  կառավարության 2003թ. 361-րդ որոշմամբ, կրթահամալիրի կանոնադրությամբ՝  «փորձարարական-հետազոտական, նախադպրոցական, հանրակրթական հեղինակային, նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական փորձնական, նախասիրական, լրացուցիչ (այդ թվում` արտադպրոցական) կրթական ծրագրեր իրականացնող պետական ոչ առևտրային կազմակերպություն»։ Ուսումնական հաստատությունը ֆինանսավորում է հիմնադիրը (հոդված 16.1)։ Ուսումնական հաստատությունների պետական պատվերով ֆինանսավորելու կարգը և չափանիշները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ հաշվի առնելով ուսումնական հաստատության տիպը, կրթական ծրագրերի և դրանց կազմակերպման առանձնահատկությունները (հոդված 46.3)։ Իր ստեղծման օրվանից՝ 1989-ից, հիմնադիր ՀՀ կառավարությունը կրթահամալիրը ֆինանսավորել է ըստ նրա կառուցվածքի, նպատակների և խնդիրների։ Հանրապետությունում սովորողների թվով ֆինանսավորման անցնելուց հետո 2006-ից կրթահամալիրի կանոնադրական գործունեության անընդհատությունը ապահովելու համար հիմնադիրը կրթահամալիրը ֆինանսավորում է.

  • հանրակրթության ծրագրերով՝ կրթահամալիրի հանրակրթական դպրոցների պահպանության, և ըստ սովորողների թվի՝ ուսուցման ծախսեր, այդ թվում՝ նաև կրթահամալիրի հանրակրթական դպրոցներում ընդգրկված առանձնահատուկ պայմանների կարիքով սովորողների համար բարձրացված չափաքանակով).
  • միջին մասնագիտական կրթության, նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության ծրագրերով.
  • ՀՀ բյուջեից՝ հանրակրթական ծրագրերի իրականացման օժանդակության շրջանակներում, որպես պետական աջակցություն, կրթահամալիրում իրականացվող պետական այլընտրանքային (հեղինակային) մանկավարժության ծրագրերի, կրթահամալիրի կրտսեր դպրոց-պարտեզներում նախադպրոցական ուսուցման, լրացուցիչ կրթության՝ օժտվածության զարգացման բաց համակարգի պահպանման համար։ 2009-ին այս երեք ծրագրերը միավորվել են «Փորձարարական մանկավարժության ծրագրերի իրականացում հանրակրթությունում» անվան տակ, 2019-ին «փորձարարական» բառը փոխարինվել է «նորարարական»-ով, որը մենք առաջարկում ենք փոխել «Աջակցություն «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրին հեղինակային կրթական ծրագրերի իրականացման համար» անվամբ, ինչը համապատասխանում է ամեն տարի ՀՀ ԿԳՄՍՆ հետ կնքվող պետական աջակցության պայմանագրով որոշվող բովանդակությանը։

Պետական աջակցության պայմաններում հեղինակային կրթական ծրագրով ստեղծվել է հանրակրթության մասնակցային կազմակերպման ֆինանսական նոր մոդել՝ հանրային, բաց, ամբողջական ներառական համալիր-դպրոցի տնտեսության ֆինանսական կազմակերպման զարգացող համակարգ, որով կրթական համայնքը իր ընտրած կրթության համապատվիրատուն, համակազմակերպիչը, ցանցային տարածողն է։ Կրթահամալիրի դրամական մուտքերի և ծախսերի 2020թ. հաշվետվության մեջ, 2021թ. նախահաշվում ակնհայտ է, որ ոչ պետական դրամական մուտքերը կրթահամալիրում իրականացվող ծրագրերով կազմում են բոլոր դրամական մուտքերի 40%-ը։ Սրանցով կազմակերպվում են հեղինակային կրթական ծրագրի և սովորողի անհատական ուսումնական պլաններով, սովորողի-սանի ուսումնառության պայմանագրով որոշված լրացուցիչ կրթական ծառայություններ, ստեղծվում և զարգանում է ուսումնական  հեղինակային միջավայր, ծրագրով որոշված պայմաններ։

Սրանք միասին ապահովում են կրթահամալիրի՝ Հայաստանի Հանրապետության բրենդ Բլեյանի հանրային դպրոցի անընդհատ գործունեությունը՝ որպես հեղինակային կրթական ծրագրեր մշակող, կազմակերպող, տարածող փորձարարական-հետազոտական պետական կազմակերպություն, որտեղ պետության, հասարակության, համայնքի, անհատի շահերը համընկնում են։ Կրթահամալիրը, սեբաստացի բաց համայնքը՝ 

  • անընդհատ կյանքին մոտեցող կրթական ծրագրերով՝ գործուն ուսումնառությամբ, ուսումնական նախագծերով հանրային խնդիրները դարձնելով ուսումնական, հանրային գործիչների, տարբեր ոլորտների մասնագետների ներգրավմամբ, տեխնոլոգիական հանրակրթությամբ, արտադրությամբ ուսուցմամբ.
  • իր գործի հեղինակ մանկավարժական աշխատողներով, նրանց մասնագիտական անընդհատ զարգացման բաց համակարգով,
  • անհատի կրթական պատվերի, անընդհատ կրթության, օժտվածության զարգացման բաց համակարգով,
  • կրթության մասնակիցների նոր համակեցությամբ՝ ծիսականացված օրացույցով, ուսումնական ճամբարներով, հավաքներով, ճամփորդություններով, կրթական ծրագրի կազմակերպման նոր, անընդհատ զարգացող միջավայրով։

Իր անընդհատ-ամենամյա փոքր աջակցությամբ պետությունն ունենում է՝

  • հեղինակային կրթական ծրագրերի մշակման-կազմակերպման-տարածման, անհատի օժտվածության զարգացման բաց համակարգ, որից օգտվում են ոչ միայն կրթահամալիրի սովորողները, սաները, աշխատողները, այլև հանրապետությունում և հանրապետությունից դուրս մեծ թվով տարատարիք շահառուներ՝ լրացուցիչ կրթության ծրագրերում, դասընթացներում, կրթական փոխանակումների, ստուգատեսային-փառատոնային և այլ ուսումնական նախագծերում ընդգրկվելով, որպես կրթահամալիրում ստեղծված մեդիառեսուրսների շահառու, իր որոշած այլ ձևով.
  • հեղինակային նոր՝ գեղագիտական, հետաքրքիր, հիգիենիկ, զարգացնող նյութական միջավայր՝ իր սեփականությունը մնացող շենք-շինություններով, դրանց բակերով, շրջակա տարածքներով.
  • կրթահամալիրում մշակված լուծումները ներդնելու հնարավորություն։

Պետության քաղաքացին՝ անհատը, ունենում է՝

  • կրթական ծրագրի ընտրության հնարավորություն.
  • իր ընտրած կրթական ծրագրի մշակմանը, իր ընտրած կրթական միջավայրի զարգացմանը մասնակցելու հնարավորություն։

Չնայած սրան՝ 2021թ. հունվար-փետրվարին կրթահամալիրում անհասկանալի լարում կա. ՀՀ կԳՄՍ նախարարությունը հապաղում է, ՀՀ 2021թ. պետական բյուջեով որոշված, ՀՀ կառավարության 30.12.2020թ. «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N2215 որոշմամբ որպես դրամաշնորհ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրին տրամադրված «Հեղինակային կրթական ծրագրերի վերամշակում և իրականացում, անհատի օժտվածության զարգացման բաց համակարգ, ստեղծագործ անհատի կրթական պատվերի իրականացում» ծրագրով դրամաշնորհի պայմանագիրը դեռ չի կնքել, առանց բացատրության։

Ի՞նչ է փոխվել։ Կրթության բնագավառում պետական քաղաքականություն չի փոխվել։ Կրթության մասին ՀՀ օրենքով կրթության բնագավառում պետական քաղաքականության կազմակերպական հիմքը կրթության զարգացման պետական ծրագիրն է, որը Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացմամբ հաստատում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը. և պետությունը բյուջետային նպատակային ֆինանսավորման միջոցով ապահովում է կրթության բնագավառի պահպանումը և զարգացումը, որի ծավալները որոշվում են կրթության զարգացման պետական ծրագրին համապատասխան (հոդված 4.կետ 4, 5)։ Իսկ կրթության զարգացման պետական ծրագիր Հայաստանում վերջին անգամ հաստատվել է 2011-2015 թվականների համար։

Հիմնադիրը արդարացիորեն կարևորում է և՛ պետական հանրակրթական առաջին ծրագրի մշակումների, ուսումնական նյութերի, գրականության ստեղծման, ուսուցիչների մասնագիտական զարգացման համար նոր միջավայրը՝  այսօր՝ «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն» հիմնադրամով, և՛ հեղինակային կրթական ծրագրի մշակման միջավայրը, հեղինակի կարգավիճակով, ծանրաբեռնված ուսուցչին պետական աջակցության ծրագրով։ 

«Ֆինանսավորման լրացուցիչ աղբյուրների ներգրավումը չի կարող հանգեցնել պետական բյուջեից ֆինանսավորման չափերի նվազեցմանը» (Կրթության մասին ՀՀ օրենք, հոդված 46.4): 

Այս նյութը հրատարակվել է Հոդված-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s